ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) և ԱՄՆ առափնյա պահպանության տվյալներով՝ հոկտեմբերի 3-ի առավոտյան Նանթաքեթ կղզու ափերի մոտ սկսվել են Բերմուդներից Բոստոն ուղևորված բժշկական ինքնաթիռի որոնումները, հաղորդել է CBS News-ը։
Կանադական Gulfstream G100-ի ինքնաթիռում եղել է վեց մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր։
Կանադական Latitude Air Ambulance ընկերության կողմից շահագործվող ինքնաթիռն ուրբաթ ուշ երեկոյան դուրս է եկել Բերմուդյան կղզիների Լ. Ֆ. Ուեյդի անվան միջազգային օդանավակայանից և պետք է հասներ Բոստոնի «Լոգան» օդանավակայան տեղի ժամանակով գիշերը մոտ 01:30-ին։ Նրա հետ կապը կորել է թռիչքից մոտ 1 ժամ 45 րոպե անց։
FAA-ն տեղի ժամանակով գիշերը մոտ 1:20-ին հայտարարել է որոնողափրկարարական տագնապ։ FlightAware-ի տվյալներով՝ ռադարներից անհետանալուց առաջ ինքնաթիռը մոտ 24 հազարից իջել է մինչև 11 հազար ֆուտ։ Կապի կորստի պատճառները դեռ չեն հաստատվել։ Իշխանությունները չեն հաստատել, որ ինքնաթիռը կործանվել է։
Որոնողական գործողությանը ներգրավված են HC-144 և HC-130 ինքնաթիռներ, MH-60 ուղղաթիռ, 47 ֆուտ երկարությամբ փրկարարական նավակ և առափնյա պահպանության William Sparling նավակը։ Որոնումների շրջանը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Նանթաքեթի ափերի մոտ։ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը նույնպես հայտնել է, որ տեղեկություններ է հավաքում միջադեպի մասին։
Բերմուդների օդանավակայանի օպերատորը հաստատել է, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր։ Canadian Press-ի տվյալներով՝ անձնակազմի անդամները Կանադայի, իսկ ուղևորները՝ Բերմուդների քաղաքացիներ են։ Բերմուդների իշխանությունները հայտնել են, որ կապ են պահպանում ինքնաթիռում գտնվողների ընտանիքների հետ։



























