Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերել է ուղղակի դիվանագիտական օգնություն, այդ թվում՝ արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այդ մասին Իրանի պետական ռադիոյի և հեռուստատեսության եթերում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

Ըստ նրա, Մոսկվան Թեհրանին քաղաքական աջակցություն է ցուցաբերել և մի շարք դեպքերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել այն բանաձևերը, որոնք կարող էին իրավական հիմք ստեղծել Իրանի դեմ միջազգային հարվածների համար։

«Եթե սա ուղղակի օգնություն չէ, ապա ի՞նչ է», — ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով Իրանի նկատմամբ Ռուսաստանի աջակցության հնարավոր սահմանափակումների մասին հարցին։

Նա Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններն անվանել է ռազմավարական և ընդգծել, որ դրանք չպետք է ընկալել որպես ռազմական դաշինք։

«Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա», — հայտարարել է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողության առաջին օրը Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է արշավի մեկնարկը։