ԱՄՆ առափնյա պահպանությունը Մասաչուսեթս նահանգի Նանտաքեթ կղզու ափերի մոտ հայտնաբերել է բժշկական ինքնաթիռի բեկորները, որն անհետացել էր Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչելիս , ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Օդանավում եղել է վեց մարդ՝ Կանադայի չորս և Բերմուդների երկու քաղաքացի։ Նրանց գտնվելու վայրն առայժմ անհայտ է, որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։

Կանադայում գրանցված և Latitude Air Ambulance ընկերությանը պատկանող Gulfstream G100 ինքնաթիռը բժշկական չվերթ էր իրականացնում Բերմուդներից Բոստոն։ Շաբաթ օրը տեղական ժամանակով մոտ 00:41-ին այն դուրս է եկել Լ. Ֆ. Ուեյդի անվան միջազգային օդանավակայանից։ Ինքնաթիռի հետ կապը կորել է մոտ երկու ժամ անց, երբ այն գտնվել է Մասաչուսեթսի ափերի մոտ։

Անհետանալուց առաջ օդաչուն հայտնել է ինքնաթիռի անսարքության մասին և հայտարարել արտակարգ իրավիճակ։ Դրանից հետո օդանավը կտրուկ իջել է մոտ 24 հազար ֆուտ բարձրությունից, ապա անհետացել ռադարներից։

Առափնյա պահպանությունը ծովում հայտնաբերել է բեկորներն ու հաստատել, որ դրանք կապված են անհետացած ինքնաթիռի հետ։ Որոնումներում ներգրավված են ինքնաթիռներ, ուղղաթիռ, փրկարար նավեր և առափնյա պահպանության կատեր։ Որոնողական աշխատանքները շարունակվել են նաև կիրակի գիշերը։

Օդանավում եղել են անձնակազմի չորս անդամներ՝ Կանադայի քաղաքացիներ, ինչպես նաև հիվանդը և նրան ուղեկցող անձը, որոնք երկուսն էլ Բերմուդների քաղաքացիներ են։ Օդանավում գտնվողների հարազատներն արդեն տեղեկացվել են տեղի ունեցածի մասին։