Ավստրալիայի անվտանգության ծառայությունները հետաքննություն են սկսել՝ կապված Flydubai-ի երկրորդ օդաչու Համամ ալ-Համմամիի երկրում գտնվելու հետ, որին կասկածում են Իսրայել ուղևորվող ինքնաթիռի կառավարումը զավթելու փորձի մեջ։ Այդ մասին հայտնել են ավստրալական լրատվամիջոցները։

Վիկտորիա նահանգի համատեղ հակաահաբեկչական խումբը, որի կազմում են Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը, Վիկտորիա նահանգի ոստիկանությունը և Ավստրալիայի անվտանգության ու հետախուզության ծառայությունը (ASIO), հաստատել է կասկածյալի՝ Ավստրալիայի հետ կապերի առնչությամբ հետաքննության անցկացումը։

ABC-ի տվյալներով, ալ-Համմամին 2014 թվականին ստացել է ուսանողական վիզա և 2015-ից 2017 թվականներին սովորել է Ավստրալիայում, որից հետո լքել է երկիրը։ 2019 թվականին նրա ուսանողական վիզան չեղարկվել է, քանի որ նա գրանցված չի եղել որևէ ուսումնական ծրագրում։

Ավստրալացի քննիչները, մասնավորապես, մտադիր են պարզել, թե արդյոք երկրորդ օդաչուն կարող էր երկրում գտնվելու ընթացքում ենթարկված լինել արմատականների ազդեցության։

Միևնույն ժամանակ իշխանությունները դեռևս չեն հայտնել որևէ ապացույցի մասին, որը նրա ենթադրյալ արմատականացումը կկապեր Ավստրալիայի հետ։

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ալ-Համմամիի LinkedIn-ի հեռացված էջում նշված էր նրա՝ բրիտանական Բաքինգհեմշիրի համալսարանում հեռավար ուսուցումը։ Հեռուստաալիքի տվյալներով, նա այնտեղ սովորել է երեք տարի և 2023 թվականին ավիացիայի կառավարման ոլորտում աստիճան է ստացել։