Սերբիայի՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Ֆիցոն, պետք է ելույթ ունենար Բելգրադում իշխող Սերբական առաջադիմական կուսակցության (SNS) հանրահավաքին, սակայն բժշկի խորհրդով չեղարկել է այցը, հայտնում է Rapporteur-ը։

Չնայած Ֆիցոյի բացակայությանը՝ նրա նախապես պատրաստված ելույթը ընթերցվել է SNS-ի հազարավոր աջակիցների առջև՝ «Բելգրադյան արենա» մարզադաշտում։

«Ես աջակցում եմ Ալեքսանդրին, որովհետև նա թույլ չի տալիս, որ աշխարհում որևէ մեկը՝ որքան էլ ազդեցիկ լինի, ղեկավարի ձեր երկիրը։ Նա լսում է միայն ձեզ՝ Սերբիայի ժողովրդին», — ասել է Ֆիցոն իր ուղերձում։

Սլովակիայի վարչապետը նաև նշել է, որ Սերբիան Եվրամիությանն անդամակցության ճանապարհին բախվում է նոր պայմանների՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու Բելգրադի ձգտման պատճառով։

Ֆիցոյի աջակցությունը հնչել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել, որ Վուչիչը կդառնա Սերբիայի հաջորդ վարչապետը։

Վուչիչը մերժել է այն քննադատությունը, ըստ որի Պուտինի և Ֆիցոյի աջակցությունը միջամտություն է Սերբիայի ներքին գործերին։ Նա հայտարարել է, որ իր հակառակորդների կողմնակիցները, ընդհակառակը, երկրից պահանջում են զիջումներ, այդ թվում՝ Կոսովոյի հարցում։

Վերջին տարիներին Վուչիչն ու Ֆիցոն մտերմացել են, մասնավորապես՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ նմանատիպ դիրքորոշումների շնորհիվ։ Երկուսն էլ բազմիցս հանդես են եկել ռազմական գործողությունների դադարեցման օգտին և քննադատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա խստացումը։

Առաջիկա ընտրություններն անցկացվում են երկարատև հակակառավարական և հակակոռուպցիոն բողոքի ցույցերի պայմաններում, որոնք գլխավորում են ուսանողները։ Դրանք սկսվել են 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանում հովանոցի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել է 16 մարդ։ Ուսանողական շարժումն այս ընտրություններում դարձել է գործող իշխանության գլխավոր մրցակիցներից մեկը ։

Ֆիցոն բազմիցս հրապարակայնորեն աջակցություն է հայտնել Վուչիչին։ 2024 թվականի մայիսին, Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից հետո, Սերբիայի նախագահը նրան անվանել էր այն սակավաթիվ եվրոպական առաջնորդներից մեկը, որոնք «սեփական կարծիք ունեն»։