Իրանը ողջունել է ամերիկյան և այլ օտարերկրյա զորքերի դուրսբերման ավարտը Իրաքից՝ այն անվանելով երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության ամրապնդման կարևոր քայլ, հաղորդում է Tasnim-ը։

Միևնույն ժամանակ Թեհրանը պահանջել է ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Իրաքում ռազմական ներկայության և օկուպացիայի հետևանքների համար։

Համապատասխան հայտարարությունն Իրանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է շաբաթ երեկոյան։ Գերատեսչությունը շնորհավորել է Իրաքի ժողովրդին և կառավարությանը օտարերկրյա ռազմական ներկայության ավարտի կապակցությամբ, որը, նրա գնահատմամբ, տևել է 23 տարի։

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2003 թվականին ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք իրականացվել է զանգվածային ոչնչացման զենք փնտրելու «կեղծ պատրվակով» և ունեցել է «անդառնալի հետևանքներ» Իրաքի և ամբողջ տարածաշրջանի համար։

Հետևանքների թվում իրանական կողմը նշել է ավելի քան մեկ միլիոն իրաքցիների մահը, այդ թվում՝ տասնյակ հազարավոր կանանց և երեխաների, հարյուրավոր միլիարդավոր դոլարների ենթակառուցվածքների ավերումը, շրջակա միջավայրին հասցված վնասը, ինչպես նաև Աբու Գրեյբ բանտում կալանավորների խոշտանգումները։

Բացի այդ, Թեհրանը կարծում է, որ ամերիկյան ներկայությունը նպաստել է ահաբեկչության տարածմանը և «Իսլամական պետության» առաջացմանը Իրաքում և հարևան երկրներում։

Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և հայտարարել, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմական ներկայությունը տարածաշրջանում ոչինչ չի բերել, բացի բռնությունից, անկայունությունից, պառակտումից և ահաբեկչությունից։

Հայտարարության մեջ առանձին հիշատակվել են իրանական և իրանամետ ուժերի զոհված հրամանատարներ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և Քասեմ Սոլեյմանին։