Թուրքիայի Վան նահանգում 3 տարի առաջ զենքերը վայր դրած 2 քուրդ զինյալի եւ մեկ քաղաքացիական անձի գնդակահարության գործով 17 զինվորական է ձերբակալվել։
Firat գործակալության փոխանցմամբ՝ դատախազությունը հիշյալ գործով հետաքննություն էր սկսվել, երբ գնդակահարությանն ականատես մի զինվոր նամակ էր գրել դատախազություն՝ պատմելով տեղի ունեցածի մասին։
Նշվում է, որ թուրք զինվորականները կարողացել են շրջափակման մեջ վերցնել գյուղից փախչող PKK-ի 2 զինյալի, որոնց հետ է եղել նաեւ քաղաքացիական մեկ անձ։ Թուրք զինվորականների հրահանգով քուրդ զինյալները զենքերը վայր են դրել եւ հանձնվել, սակայն գործողությունը ղեկավարող Վանի ժանդարմերիայի հրամանատար Վերջիհի Հալիլ Իյիգյունի հրամանով քուրդ զինյալներին ու քաղաքացիական անձին կանգնեցրել են 50 մ հեռավորության վրա եւ գնդակահարել, որից հետո նրանց զենքերը դրել ձեռքներին, իբր նրանք սպանվել են բախման ժամանակ։




























