ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Օհայոյում ելույթ է ունեցել՝ ի պաշտպանություն Սենատի ընտրություններում և նահանգապետի պաշտոնի համար առաջադրված հանրապետական թեկնածուների՝ կոչ անելով կողմնակիցներին ավելի ակտիվ մասնակցել քվեարկությանը, հայտնում է NBC News-ը։
Նա հայտարարել է, որ, չնայած կուսակցության համար բարդ իրավիճակին, հանրապետականներին կարող է «մեծ անակնկալ» սպասել։
«Կարծում եմ՝ մեզ մեծ անակնկալ է սպասվում, որովհետև նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունենում», — ասել է Թրամփը Դեյթոնից ոչ հեռու Վանդալիայի դպրոցական մարզադահլիճում կայացած հանրահավաքում։
ԱՄՆ նախագահը կոչ է արել կողմնակիցներին գալ ընտրատեղամասեր և հանրապետականներին մեծ հաղթանակ է խոստացել։ Նրա կարծիքով, միջանկյալ ընտրություններում կուսակցության համար առանցքային խնդիրը կարող է դառնալ ընտրողների մասնակցության նվազումը. դրանք այն ընտրողներն են, որոնք սովորաբար ակտիվորեն աջակցում են հենց իրեն, բայց այս անգամ քվեաթերթիկներում չեն տեսնի իր ազգանունը։
«Երբ ես առաջադրվում եմ, մենք հաղթում ենք։ Բայց ինչ-ինչ պատճառներով, երբ ես չեմ առաջադրվում, մարդկանց 44%-ով պակաս է գալիս», — հայտարարել է Թրամփը։ Նա առաջարկել է կողմնակիցներին պարզապես պատկերացնել, որ ինքն առաջադրվում է։
Օհայոյում Թրամփը աջակցել է հանրապետական սենատոր Ջոն Հյուսթեդին, որին սպասվում է պայքար նախկին դեմոկրատ սենատոր Շերրոդ Բրաունի հետ, ինչպես նաև հանրապետականների նահանգապետի թեկնածու Վիվեկ Ռամասվամիին։ Երկու մրցապայքարներն էլ համարվում են մրցակցային։
Թրամփը հատուկ ուշադրություն է դարձրել Հյուսթեդին, որը փորձում է պահպանել Սենատում հանրապետականների տեղը։ Նրա քարոզարշավը մտահոգություն է առաջացնում կուսակիցների մոտ, այդ թվում՝ Օհայոյում խոշոր տվյալների կենտրոնների կառուցման շուրջ վեճերի պատճառով։ Հյուսթեդը աջակցում էր նման նախագծերի ներգրավմանը նահանգ, իսկ այժմ այս թեման դարձել է նրա նախընտրական արշավի խնդիրներից մեկը։
Հանրապետականներին անհրաժեշտ է պահել Օհայոն, եթե նրանք ցանկանում են պահպանել վերահսկողությունը Սենատի նկատմամբ։ Թրամփը հաղթել է նահանգում վերջին երեք նախագահական ընտրություններում, սակայն ներկայիս ընտրություններն ընթանում են ավելի լարված պայքարի և հանրապետականների ավանդական ընտրազանգվածի մոբիլիզացման խնդիրների ֆոնին։
Ինքը՝ Հյուսթեդը, հանրահավաքից առաջ հայտարարել է, որ հույս ունի տեսնել այն նույն ընտրողների մասնակցությունը, որոնք աջակցել էին Թրամփին վերջին նախագահական ընտրություններում։




























