Շաբաթ երեկոյան Հելսինկիի ափերի մոտ հայտնաբերվել է անհայտ մետաղական առարկա, որի պատճառով ոստիկանությունն ու Առափնյա պահպանության ծառայությունը ստիպված են եղել շրջափակել ծովի մի հատվածը՝ նավարկության աշխույժ երթուղում, հայտնում է Yle-ն։

Առարկան ճանաչվել է անվտանգ, ապա քարշակվել է դեպի ռազմական բազա՝ հետագա ուսումնասիրման համար։

Գտածոն նկատել է մոտակայքում պատահաբար հայտնված մի ձկնորս։ Ֆինլանդիայի ռազմածովային ուժերի նախնական գնահատմամբ, առարկան կարող է լինել հին խորտակված նավի մեխանիկական դետալ։

Ձագարաձև մետաղական օբյեկտը հայտնաբերվել է տեղական ժամանակով մոտ 19:20-ին՝ Կուստաանմիեկկա նեղուցից հարավ։ Ոստիկանությունը դիմել է զինվորականներին՝ դրա ծագումը պարզելու համար։ Կիրակի կեսօրին մոտ ոստիկանությունը հրապարակել է գտածոյի լուսանկարը, սակայն դրա նշանակության մասին մանրամասներ առայժմ չի հայտնել։

Ոստիկանության տվյալներով, առարկան բավականին ծանր է և ունի մոտ 40 սանտիմետր երկարություն։ Այն գտնվել է ջրի մակերեսին։ Հայտնաբերումից հետո այն տեղափոխվել է Սանտահամինայի ռազմական բազա։

Այն հատվածը, որտեղ հայտնաբերվել է առարկան, գտնվում է Սյարկկյա և Սուոմենլիննա կղզիների միջև ուղևորատար նավերի երթուղում և Վալլիսաարի կղզուց արևմուտք։ Ոստիկանությունն ու Առափնյա պահպանության ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել էին մուտքը ծովի այս հատված։ Ավելի ուշ սահմանափակումները հանվել են, իսկ ոստիկանության աշխատակիցները լքել են դեպքի վայրը։

Գործողության պատճառով տուժել է նաև Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև լաստանավային հաղորդակցությունը։ Viking XPRS-ը պետք է շաբաթ օրը ժամը 20:00-ին մեկներ Հելսինկիից Տալլին, սակայն փաստացի երթուղի է դուրս եկել միայն կիրակի մոտ 02:00-ին։

Այժմ իշխանությունները շարունակում են պարզել հայտնաբերված առարկայի ծագումը։ Զինվորականների նախնական վարկածով՝ դա հին խորտակված նավի դետալ է։