Գերմանիայի բնակիչների գրեթե կեսը նախկին կանցլեր Անգելա Մերկելին ավելի ունակ է համարում երկրի ներկայիս խնդիրները հաղթահարելու հարցում, քան կառավարության գործող ղեկավար Ֆրիդրիխ Մերցին։ Այդ մասին են վկայում գերմանական DPA լրատվական գործակալության պատվերով անցկացված YouGov հարցման արդյունքները։

Հարցվածների 48%-ը Մերկելին անվանել է Գերմանիայի առջև ծառացած խնդիրների լուծման համար ավելի հարմար թեկնածու։ Եվս 29%-ը կարծում է, որ Մերկելը և Մերցը դրանք մոտավորապես հավասարապես կկարողանային հաղթահարել։ Հարցվածների միայն 8%-ն է նախապատվությունը տվել Մերցին, իսկ 15%-ը չի կարողացել պատասխանել կամ դժվարացել է ընտրություն կատարել։

Մերկելը և Մերցը նույն կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամներ են, սակայն նրանց քաղաքական մրցակցությունը սկսվել է դեռ մի քանի տասնամյակ առաջ։ Մերկելը զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը 2005-ից 2021 թվականներին։

Մերցը գլխավորել է կառավարությունը 2025 թվականի մայիսին։ Վերջին շրջանում նրա աջակցությունը Գերմանիայում նվազում է։ Հոկտեմբերի սկզբին հրապարակված ARD-Deutschlandtrend հարցման համաձայն՝, կանցլերի աշխատանքից գոհ է հարցվածների միայն 10%-ը, մինչդեռ 88%-ը դժգոհություն է հայտնել։

Հիմնական խնդիրների թվում, որոնց բախվում է Գերմանիան, հարցվածները նշում են տնտեսության լճացումը, էներգակիրների գների աճը, բնակչության ծերացումը և դրա հետ կապված ճնշումը սոցիալական համակարգերի վրա։ Այլ մարտահրավերների շարքում մնում են ապօրինի միգրացիան և արտաքին քաղաքական հարցերը, ներառյալ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։

Հարցման արդյունքները չեն նշանակում, որ գերմանացիների մեծամասնությունը կցանկանար Մերկելի վերադարձը կանցլերի պաշտոնին. մասնակիցներին հարցրել էին հենց այն մասին, թե ով, նրանց կարծիքով, ավելի լավ կկարողանար հաղթահարել Գերմանիայի ներկայիս մարտահրավերները։