ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնին հանձնարարել է գլխավորել արհեստական բանականության հարցերով նոր դաշնային աշխատանքային խումբը։ Associated Press-ի հաղորդմամբ, Թրամփը այն անվանել է «Գերբանականության ուժ» (Super Intelligence Force)։
Խումբը պետք է համակարգի արհեստական բանականության ոլորտում ամերիկյան կառավարության ջանքերը և նպաստի, որ ԱՄՆն պահպանի առաջատար դիրքը այս տեխնոլոգիայի մշակման մեջ։ Թրամփը հայտարարել է, որ «գերբանականությունը» կարող է աշխարհի վրա ունենալ արդյունաբերական հեղափոխության և համացանցի ի հայտ գալուն համեմատելի կամ դրանցից էլ ավելի մեծ ազդեցություն։
Քլեյթոնը, որը օգոստոսին ստանձնել է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը, հաշվետու կլինի անմիջապես Թրամփին և նրա վարչակազմի ղեկավար Սյուզի Ուայլսին։ Նոր կառույցի կազմում են նաև Դաշնային առևտրի հանձնաժողովի նախագահ Էնդրյու Ֆերգյուսոնը, Պենտագոնի տեխնիկական տնօրեն Էմիլ Մայքլը և ԱՄՆ Կադրերի կառավարման գրասենյակի տնօրեն Սքոթ Կուպորը։
Աշխատանքային խումբը մտադիր է համագործակցել սպառողների, հասարակական կազմակերպությունների, կրոնական միավորումների, կենսական նշանակության ենթակառուցվածքների օպերատորների և արհեստական բանականության մշակմամբ զբաղվող ընկերությունների հետ։
Խմբի ստեղծումը դարձավ Թրամփի վարչակազմի հերթական քայլը այս ոլորտում նոր պետական քաղաքականության առաջմղման ուղղությամբ։ Սեպտեմբերի վերջին նախագահը ստորագրել էր հրամանագիր, որով ԱՄՆ գործադիր մարմիններին պարտադրվում էր պաշտոնական փաստաթղթերում և հրապարակային նյութերում «արհեստական բանականություն» արտահայտության փոխարեն օգտագործել «գերբանականություն» (Super Intelligence) տերմինը։
Հայտարարությունից մեկ օր առաջ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում էր անցկացրել խոշորագույն տեխնոլոգիական և արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների հետ։ Նրանք համաձայնեցրել էին արհեստական բանականության մշակման ինքնակարգավորման կամավոր միջոցառումները։





























