Flydubai ավիաընկերության օդաչու Համամ ալ-Համամիին, որին կասկածում են Դուբայից Թել Ավիվ մեկնող ուղևորատար ինքնաթիռը զավթելու փորձի մեջ, կարող է սպառնալ մահապատիժ Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտնում է Ynet-ը՝ հղում անելով ԱՄԷ-ի բարձրաստիճան աղբյուրին։

Աղբյուրը հայտնել է, որ Աբու Դաբիի իշխանությունները մտադիր են ալ-Համամիի համար պահանջել առավելագույնս խիստ պատիժ։ Վերջնական որոշումը կընդունվի քննության և դատական ընթացակարգերի ավարտից հետո։

Քննությանը միացել են նաև իսրայելական ներկայացուցիչներ։

Ynet-ի տվյալներո, իսրայելական հատուկ ծառայությունների աշխատակիցներն ու ավիացիոն փորձագետները ժամանել են ԱՄԷ՝ մասնակցելու տեղի ունեցածի հանգամանքների պարզաբանմանը։ Ավելի վաղ իսրայելական իշխանությունները հաստատել էին, որ իրենց քննիչները համատեղ կաշխատեն էմիրությունների գործընկերների հետ և կուսումնասիրեն կասկածյալի դրդապատճառներն ու անցյալը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին՝ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai FZ1073 չվերթի օդանավում։ Քննության տվյալներով, Օմանի քաղաքացի երկրորդ օդաչուն խցիկում հարձակվել է անձնակազմի հնդիկ հրամանատարի վրա և փորձել է վերահսկողություն ստանալ ինքնաթիռի նկատմամբ։ Օդանավը կտրուկ իջել է՝ մեկ րոպեից էլ պակաս ժամանակում կորցնելով մոտ 5 հազար մետր բարձրություն, ինչից հետո անձնակազմին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։

Անձնակազմի հրամանատար Սմիթ Մաչհարը, չնայած ստացած վնասվածքներին, կարողացել է բացել խցիկի դուռը, որից հետո ուղևորները օգնել են վնասազերծել հարձակվողին։ Ինքնաթիռում բոլորը ողջ են մնացել։ ԱՄԷ-ի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական ակտ և սկսել դրա հանգամանքների ու դրդապատճառների քննությունը։

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով, ալ-Համամին նախկինում աշխատել է Oman Air-ում, որտեղ նրան հեռացրել էին թռիչքներից՝ արմատականացման կասկածների ֆոնին։ Այդ հանգամանքները ևս ուսումնասիրվում են քննիչների կողմից։ Միևնույն ժամանակ քննությունը դեռ շարունակվում է, և կասկածյալի դրդապատճառների ու հնարավոր կապերի վերաբերյալ վերջնական եզրակացություններ առայժմ չեն արվել։