Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոյին տված հարցազրույցում, հաղորդում է РИА Новости-ն։

«Ինչ վերաբերում է Կովկասին, ապա այո, առանձին պետություններ այժմ փորձում են այնտեղ ինչ-որ բան խառնել։ Նրանք ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։ Սա ճշմարտություն է։ Մենք դրան զգուշությամբ ենք հետևում», — ասել է Մեդվեդևը։

Որպես օրինակ նա նշել է Արևմուտքի հարաբերությունները Վրաստանի հետ և Հայաստանի շուրջ ներկայիս իրավիճակը։

«Տեսեք։ Սկզբում արևմտյան աշխարհը Վրաստանին առաջարկեց անդամակցել ՆԱՏՕ-ին։ Դրանից ոչ մի լավ բան չստացվեց։ Վրաստանը մինչև հիմա ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Նրա ներկայիս ղեկավարությունը հասկանում է, որ դա, հավանաբար, սխալ մոտեցում էր։ Այս ամենը հանգեցրեց հակամարտության։ Ներկայումս փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները», — հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը։

Մեդվեդևը չի հստակեցրել, թե իր կարծիքով կոնկրետ որ պետություններն են նման փորձեր ձեռնարկում։ Նրա հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքական կողմնորոշման շարունակվող փոփոխությունների ֆոնին։