Հնդկաստանը վերջին ամիսներին ընդհանուր խաղաղության կոչերից անցել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ պատերազմի դադարեցման հարցերի շուրջ անմիջական խորհրդակցությունների։ Այդ մասին կիրակի հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, հայտնում է Hindustan Times-ը։

«Մենք երկար տարիներ հանդես ենք եկել դրա օգտին, իսկ վերջին ամիսներին պարզապես կոչերից անցել ենք գործի։ Մենք խոսում ենք և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ», — ասել է նա Նյու Դելիում կայացած Munich Leaders Meeting-ի ընթացքում։

Ջայշանկարը հայտնել է, որ հնդկական նախաձեռնությունն ի սկզբանե կենտրոնացած է եղել Սև ծովում նավագնացության անվտանգության վրա։ Նյու Դելին նաև երկու կողմերի հետ քննարկում է հացահատիկի և էներգակիրների արտահանման, ինչպես նաև հարձակումները կանխելու վերաբերյալ հնարավոր պայմանավորվածությունների հարցերը։

«Այս բանակցությունները հիմա շարունակվում են», — ընդգծել է նախարարը։

Հնդկաստանը հետևողականորեն հայտարարում է, որ հակամարտությունը պետք է ավարտվի երկխոսության և դիվանագիտության միջոցով, այլ ոչ թե մարտի դաշտում։ Միևնույն ժամանակ Նյու Դելին պահպանում է սերտ հարաբերությունները Մոսկվայի հետ և միաժամանակ զարգացնում կապերը Կիևի հետ։ Սեպտեմբերի սկզբին Ջայշանկարը այցելել էր Ուկրաինա և հայտարարել, որ Հնդկաստանը պատրաստ է աջակցել պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերին։

Ընթացող խորհրդակցությունների մասին Հնդկաստանի հրապարակային հաստատումը հնչել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի հայտարարությունից անմիջապես հետո։ Նա հայտնել է, որ Կիևը հրադադարի վերաբերյալ առաջարկներ է ստացել չորս երկրից՝ Հնդկաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից և ԱՄՆ-ից։ Ըստ Սիբիգայի, հնդկական առաջարկը ամենահամապարփակն է և նախատեսում է էներգետիկ ու նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարձակումների դադարեցում, ինչպես նաև պայմանավորվածություններ Սև ծովում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես խոսել էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկների մասին՝ դրանք անվանելով փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանն ուղղված։

Միևնույն ժամանակ Ջայշանկարը չի հայտարարել Մոսկվայի և Կիևի միջև որևէ պայմանավորվածության ձեռքբերման մասին։ Հնդկական խորհրդակցությունները դեռ շարունակվում են։