ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հարավում գտնվող Վիեննա քաղաքում փողոցային երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 35-ը՝ տուժել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նահանգի իշխանություններին։
Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ տեղական ժամանակով մոտ 01:25-ին, թաղամասային երեկույթի ընթացքում։ Այդ պահին մոտակայքում են եղել Դուլի շրջանի շերիֆի գրասենյակի պարեկները։ Դեպքի վայր ժամանելով՝ նրանք հայտնաբերել են երկու զոհվածի և մի քանի վիրավորների։
Դուլի շրջանի կորոներ Բրեթ Ուոլսի տվյալներով, զոհվածները 20 և 23 տարեկան տղամարդիկ են եղել։ Երկուսն էլ ստացել են հրազենային մահացու վնասվածքներ և տեղում մահացած են ճանաչվել։ Մյուս տուժածներին տեղափոխել են մի քանի հիվանդանոցներ։
Իշխանությունները չեն հստակեցրել, թե 35 տուժածներից քանիսն են ստացել հրազենային վնասվածքներ։ Առայժմ անհայտ են նաև նրանց վնասվածքների բնույթն ու ծանրությունը։
Ոստիկանությունը չի հայտնել, թե արդյոք որևէ մեկը ձերբակալվել է հրաձգության առնչությամբ, որոնվում են արդյոք կասկածյալներ, և ինչն է դարձել հարձակման պատճառը։
Վիեննա քաղաքը գտնվում է Ատլանտայից մոտ 210 կիլոմետր հարավ և Ջորջիայի՝ Ֆլորիդայի հետ սահմանից մոտ 160 կիլոմետր հյուսիս։
Քննությունը վարում է Ջորջիայի հետաքննությունների բյուրոն՝ տեղական իրավապահ մարմինների հետ համատեղ։



























