Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Շմուել Բեն Էզրային հանձնարարել է ստուգող նշանակել՝ Իսրայել իրականացվող օտարերկրյա քաղաքացիական չվերթների անվտանգության համակարգի բոլոր կողմերի համապարփակ վերլուծության համար, հայտնում է The Times of Israel-ը։
Որոշումն ընդունվել է Flydubai-ի FZ1073 չվերթի ինքնաթիռում հարձակման փորձից հետո, որը Դուբայից ուղևորվում էր Թել Ավիվ։ Միջադեպը հարցեր է առաջացրել այն մասին, թե որքան մանրակրկիտ է Իսրայելը ստուգում դեպի երկիր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների օտարերկրյա օդաչուներին և անձնակազմերին։
Ստուգումն անցկացվում է այն հաղորդագրությունների ֆոնին, ըստ որոնց՝ իսրայելական ուժային և պետական կառույցները մի քանի տարվա ընթացքում նախազգուշացրել էին օտարերկրյա ավիաչվերթների անվտանգության վերահսկման հարցում Տրանսպորտի նախարարության պարտականությունների կատարման հետ կապված խնդիրների մասին։
Ազգային անվտանգության խորհրդի փաստաթղթերի համաձայն, որոնց հղում է անում Army Radio-ն, համապատասխան բողոքները հնչել են առնվազն 2021 թվականից։ 2024 թվականին պետական վերահսկիչը նույնպես բացահայտել էր համակարգի թերությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է գրավել օտարերկրյա օդաչուների ստուգման պրակտիկան։ Տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ինքնուրույն չի իրականացնում օտարերկրյա օդաչուների կենսագրությունների ստուգում և չի կարող երաշխավորել նման չվերթների հարյուր տոկոսանոց անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, գերատեսչությունը պնդում է, որ ավիաընկերություններն իրենք պետք է իրականացնեն նախատեսված ստուգումները։
Flydubai-ի հետ կապված միջադեպից հետո նախարարությունը հայտարարել է, որ ավիաընկերությունը տեղեկացրել էր անձնակազմի անհրաժեշտ ստուգումների անցկացման մասին, սակայն FZ1073 կոնկրետ չվերթի անձնակազմի անդամների ցուցակը գերատեսչություն չէր հասել։ Իսրայելի իշխանությունները շարունակում են պարզել, թե ինչ կերպ էր անձնակազմի մասին տեղեկությունը փոխանցվում տարբեր պետական կառույցների միջև։
FZ1073 չվերթի ինքնաթիռում երկրորդ օդաչուն, որը Օմանի քաղաքացի է, հարձակվել է օդանավի հրամանատարի վրա։ Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Իսրայելի իշխանությունները տեղի ունեցածը դիտարկում են որպես անվտանգության համար լուրջ սպառնալիք և արդեն սկսել են վերանայել օտարերկրյա չվերթների վերահսկման ընթացակարգերը։




























