Մոտ 1,5 հազար մարդ է մասնակցել Ժնևում անցկացված ցույցին՝ պահանջելով, որ Շվեյցարիան Իսրայելի դեմ սահմանի ռազմական, էներգետիկ և առևտրային էմբարգո։ Քաղաքային ոստիկանության տվյալներով, ցույցը խաղաղ է անցել, հայտնում է Swiss Info-ն։

Ակցիան կազմակերպել էր Collectif Urgence Palestine-ը։ Մասնակիցները Իսրայելին մեղադրել են պաղեստինյան տարածքներում «էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ և Շվեյցարիային կոչ են արել դադարեցնել, իրենց կարծիքով, Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը։ Կարգախոսների թվում հնչել է նաև Շվեյցարիան «հանցակից» համարելու կոչը։

Ցուցարարները նաև հանդես են եկել սովը որպես պատերազմի զենքի կիրառման դեմ և խոսել Գազայի հատվածում զոհվածների ու տուժածների մեծ թվի մասին։ Ննրանք քննադատել են նաև Արևմտյան ափին իսրայելցի վերաբնակների գործողությունները, որոնք ավելի վաղ դատապարտել էին շվեյցարական իշխանությունները։

Ակցիայի մասնակիցները պահանջել են խզել Իսրայելի հետ առևտրային, գիտական և մշակութային կապերը, ինչպես նաև դադարեցնել ռազմական համագործակցությունը։ Մասնավորապես, նրանք հիշատակել են իսրայելական անօդաչու սարքերի գնման վերաբերյալ Շվեյցարիայի համաձայնագիրը։

Ցուցարարները նաև կոչ են արել ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, եթե նրանք հայտնվեն Շվեյցարիայի տարածքում՝ հղում անելով Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալման օրդերներին։

Միևնույն ժամանակ, շվեյցարական իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն ձերբակալի իսրայելցի քաղաքական գործիչներին, եթե նրանք երկիր ժամանեն բանակցությունների համար։ Collectif Urgence Palestine-ը դաշնային իշխանություններից պահանջում է կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումները, որոնք կապված են ցեղասպանության կանխարգելման հարցում պետությունների պարտավորությունների հետ։

Ակցիան տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և Գազայի հատվածում դրան հաջորդած իսրայելական ռազմական գործողությունից մոտ երեք տարի անց։