ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Ռոդ Այլենդ նահանգում անցկացված ավտոշոու էր բերել իր 1967 թվականի կանաչ Chevrolet Corvette-ը, որի ավտոտնակում պահում էր գաղտնի փաստաթղթեր և որի պատճառով քիչ էր մնում դառնար քրեական գործի ֆիգուրանտ։
Բայդենի՝ ավտոմեքենայում նստած լուսանկարը սոցիալական ցանցերում հրապարակել է նրա դուստրը՝ Էշլին։ Նյուպորտից արված լուսանկարում, որտեղ անցկացվում էր ցուցադրությունը, Բայդենը ամերիկացի կատակերգու Ջեյ Լենոյի հետ է։
2023 թվականին սկանդալ էր բռնկվել, երբ Վաշինգտոնում Բայդենի անվան վերլուծական կենտրոնում գտնվող նրա աշխատասենյակում հայտնաբերել էին գաղտնի փաստաթղթեր։ Նյութերի մի մասն էլ պահվում էր Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում գտնվող նրա տան ավտոտնակում։
Այնուհետև համացանցում քննարկում էին Բայդենի կանաչ կաբրիոլետի լուսանկարը ավտոտնակի ֆոնին, որի բաց դռան հետևում երևում էին թղթերով ստվարաթղթե արկղեր, հավանաբար՝ գաղտնի։ Այս նյութերի պահպանման խախտումները քննող հատուկ դատախազը նախկին նախագահի դեմ գործ չհարուցեց՝ իր որոշումը բացատրելով նրանով, որ տեղի ունեցածը պայմանավորված էր Բայդենի մոռացկոտությամբ, այլ ոչ թե չարամտությամբ։




























