ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը սեպտեմբերի 26-30-ը հայաստանյան ներկայացուցչական պատվիրակության կազմով Աբու Դաբիում մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ համագումարին։ Այդ մասին NEWS.am—ին հայտնում են կոմիտեից:

Այցի շրջանակում Արթուր Նահապետյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ Շամսիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները։

Համագումարի օրակարգում ընդգրկված են եղել հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման, քրեական արդարադատության համակարգերի բարելավման, իրավունքի գերակայության խթանման և միջազգային փոխգործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր։