Հորմուզի նեղուցում առաջացած տրանսպորտային կոլապսը կարող է հանգեցնել գլոբալ պարենային ճգնաժամի։ Հոկտեմբերի 5-ին այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով Միջազգային առևտրային պալատի (ICC) գլխավոր քարտուղար Ջոն Դենտոնի հայտարարությանը։
«Մերձավոր Արևելքի կենսական նշանակություն ունեցող ծովային երթուղու աշխատանքի խափանումները հանգեցրել են էներգետիկ շոկի։ Այժմ պարենային անվտանգության գլոբալ ճգնաժամ է հասունանում», — նշված է նյութում։
Դենտոնի խոսքով՝ նեղուցը չապաշրջափակվելու դեպքում հացահատիկային մշակաբույսերի գները կարող են աճել մինչև 80%-ով, ինչն առանձնապես ծանր կանդրադառնա ներմուծումից կախվածություն ունեցող երկրների տնտեսությունների վրա։ Նա նաև հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով համաշխարհային շուկայում պակասել է շուրջ 2,7 միլիոն տոննա պարարտանյութ։
WSJ-ի տվյալներով՝ Միջազգային առևտրային պալատը ՄԱԿ-ի և Միջազգային ծովային կազմակերպության (IMO) հետ համատեղ աշխատում է մի մեխանիզմի շուրջ, որը թույլ կտա նեղուցով նավագնացության ժամանակավոր կառավարումը փոխանցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Մշակվող մեխանիզմը ներառում է մշտադիտարկում, նավերի ապահովագրում և տեսչական ստուգումներ, սակայն ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության բացակայությունը արգելափակում է դրա գործարկումը, ասվում է հրապարակման մեջ։




























