Եկեղեցու վերաբերյալ իշխանության պատրաստած զեկույցը, որ պետք է քննարկման առարկա հանդիսանա, այնտեղ առանձին կետեր կան, օրինակ մանկապղծության հետ կապված, ես օրինակ դատախազության հարցում եմ ուղարկել, արդյոք իրենք սա դիտարկել են որպես հաղորդում հանցագործության մասին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Նախկինում էլ նման հայտարարություններ հնչեցվել են, հիմա սա արդեն սովորական նորմա՞ է դարձել, որ ամեն մի բամբասանք ու հատուկ ձևավորված բամբասանք բերել արդեն պետական մակարդակով քննարկման առարկա դարձնել։

Այստեղ ոչ միայն քաղաքական, այլ նաև սահմանադրականության հարց կա. ԱԺ–ում չի կարող գոյություն ունենալ նման հանձնաժողով, որովհետև ԱԺ–ի լիազորությունների, իրավասությունների մեջ չի մտնում եկեղեցու ներքին հարցերը քննարկելը, ինչպես վարչապետի լիազորությունների մեջ չի մտնում։ Հետևաբար, ինչպես կառավարության ծրագիրն է այդ կտորով հակասահմանադրական, այնպես էլ այս քննիչ հանձնաժողովը»,–ասաց նա։

Նույն խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր հերթին ասաց. «հարուցված բազմաթիվ քրեական գործերը կրում են քարոզչական նպատակ։ Այդ գործերը հարուցվում են, որպեսզի հանրային հեռուստատեսությամբ և տարբեր սոցիալական ցանցերում այդ ռեպորտաժները գնան, ու սա է դառնում քննարկման հիմնական առարկան ու նաև ՔՊ-ականները ԱԺ ամբիոնից այդ ամեն ինչի մասին խոսեն։ Հիմա նույնը կարծում եմ այս դեպքում է, այստեղ ոչ ոք խնդիր չունի եկեղեցու հետ կապված ինչ-որ բան պարզել, խորանալ, հասկանալ։ Իրենք ինչ-որ մի նոր հարթակ են ստեղծում, որտեղ պետք է եկեղեցու նկատմամբ գնա հակաքարոզչությունը, փնովքը։ Սա բխում է մեր թշնամիների շահերից ու այստեղ շատ լուրջ հարց է առաջանում՝ ինչի՞ են սա անում։ Նման քայլերը լուրջ կասկածի տեղիք է տալիս»։

Իր հերթին փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց. «Այս գործընթացների բովանդակության մեջ ընդհանրապես իմաստ չունի խորանալ, ընդամենը պետք է հասկանալ, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այս ոտնձգությունները համակարգված բնույթ ունեն, կոնկրետ մասնակիցների ցանկ ունեն և այս գործողությունները իրենց բնույթով պետական դավաճանություն են, որովհետև ուղղված են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, հայկական պետականության դեմ և ծառայում են Ադրբեջանի, Թուրքիայի շահերին։

Ցանկացած մարդ, ով ներգրավված է այս պրոցեսում՝ կլինի վարչապետ կամ արդեն շարքից դուրս մնացած հոգևորական, հանրային հեռուստաընկերության ռեպորտաժ պատրաստող լրագրողներ, որոնք այս քարոզչությունը իրականացնում են, բոլորը խմբի կազմով պետք է դատվեն պետական դավաճանության համար։ Այս հանցակազմը չունի վաղեմության ժամկետ և դրա համար նախատեսված է ցմահ ազատազրկում։ Այս մարդիկ լավ կլինի խելքները, գլուխները հավաքեն և դուրս մնան այս պրոցեսներից, որովհետև իրենց ճակատագիրը շատ վատն է լինելու, եթե այս տեմպերով շարունակեն»։