Վարչապետ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
«Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝
Դավիթ Սանամյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ Սանամյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2025-ի օգոստոսին։
Նկատենք, որ այս պաշտոնանկությունը հաջորդում է անցած շաբաթ Սյունիքի մարզ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցմանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:
Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:
Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am—ին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։





























