Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին եւ IPO-ի կազմակերպիչ Nasdaq բորսային մեղադրել են ներդրողներին վնաս հասցնելու մեջ: Համապատասխան հայցը Քալիֆորնիայի դատարան է ներկայացվել Glancy Binkow & Goldberg LLP իրավաբանական ընկերության կողմից:

Համաձայն հայցի, IPO-ի ղեկավարները թաքցրել են տեղեկատվությունը, որ գործարքի կազմակերպիչ Morgan Stanley, J.P. Morgan եւ Goldman Sachs բանկերը նվազեցրել են իրենց կանխատեսումները սոցիալական ցանցի ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:

Այդ տեղեկությունները ստացել են միայն բանկերի խոշոր հաճախորդները: Հայցին կարող են միանալ բոլոր ներդրողները, որոնք գնել են ընկերության բաժնետոմսերը մայիսի 18-ից 22-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Facebook-ի բաժնետոմսերի գինը վաճառքի երկրորդ օրը նվազել է նախնական 38 դոլարից: Nasdaq բորսայում արժեթղթի գինը հասել է 36,77 դոլարի, ինչը 3,82 տոկոսով պակաս է մայիսի 18-ին գրանցված 38,23 դոլար ցուցանիշից: