ԱՄՆ-ը պատժամիջոցների մեղմացումից հետո վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ բելառուսական պարարտանյութերի խմբաքանակ կստանա, գրում է Financial Times-ը։ Argus գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգի նավահանգստում բելառուսական ընկերությունը Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավ է բարձել 30 հազար տոննա հատիկավոր կալիումի քլորիդ։ Kpler-ի տվյալներով՝ բեռը Նոր Օրլեանի նավահանգիստ կհասնի հոկտեմբերի 14-ին։
Վաշինգտոնը Բելառուսի կալիումական արդյունաբերության դեմ սահմանափակումներ էր մտցրել 2021 թվականին։ Մի քանի տարի անց՝ 2025-ի դեկտեմբերին, Միացյալ Նահանգները սկսեց մեղմացնել պատժամիջոցները՝ Մինսկի կողմից քաղբանտարկյալներին ազատ արձակելու դիմաց։ Այս տարվա մարտին Վաշինգտոնն ամբողջությամբ հանեց սահմանափակումները «Բելարուսկալիյ», «Բելառուսական կալիումական ընկերություն» և «Ագրորոզկվիտ» ընկերությունների վրայից։ Argus-ի տվյալներով՝ նախքան պատժամիջոցները (2017–2021 թթ.) Բելառուսն ԱՄՆ էր արտահանում տարեկան միջինում 635 հազար տոննա կալիում։ Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է Մինսկի հետ կալիումական պարարտանյութերի մատակարարման խոշոր պայմանագիր կնքել։ «Գինը զգալիորեն ցածր է լինելու նրանից, ինչ այժմ վճարում ենք Կանադային, ինչը հրաշալի նորություն է մեր ֆերմերների ու անասնապահների համար», — նշել էր Թրամփը։
Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում էր, թե երկիրը չի կարող պարարտանյութեր մատակարարել արևմտյան շուկաներ, քանի որ արտադրված ողջ ծավալն արդեն իսկ բաշխված է ընթացիկ պայմանագրերով մինչև տարեվերջ։ «Նույնիսկ եթե ուզենայինք էլ արևմտյան շուկաներ որևէ բան մատակարարել, պարզապես ծավալներ չունենք, ամեն ինչ արդեն պայմանագրերով ծանրաբեռնված է», — ընդգծել էր Լուկաշենկոն։
Կալիումական պարարտանյութերը հանքային նյութեր են, որոնք հողին են խառնում բույսերի աճն արագացնելու, բերքատվությունը բարձրացնելու և հիվանդությունների հանդեպ դիմադրողականությունը մեծացնելու համար։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով Հորմուզի նեղուցի փակվելու հետևանքով աշխարհում պարարտանյութերի հասանելիությունը կտրուկ նվազել է։
«Բելարուսկալիյը» կալիումի խոշորագույն արտադրողներից մեկն է աշխարհում, իսկ պարարտանյութերը մնում են Բելառուսի հիմնական արտահանվող ապրանքներից մեկը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դրանք որակում էր որպես «Լուկաշենկոյի ռեժիմի հարկային եկամուտների և արժութային մուտքերի գլխավոր աղբյուր»։




























