Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի գործողություններին պետք է տրվի ամենախիստ իրավական գնահատականը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ նա արձանագրել է, որ ակնհայտ է մի խումբ անձանց (մոր և երեխաների) սպանության փորձը, որը թշնամու զինվորն ավարտին չի հասցրել իրենից անկախ հանգամանքների բերումով։ Նրա խոսքով՝ իրավական գնահատականը պետք է լինի առավելագույնս խիստ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ «Այլ հարց է, որ իրավիճակը բացառիկ էր, աշխատել է մայրական բնազդը։ Որքանով ինձ հայտնի է, կինը ծանր մարմնական վնասվածքներ ունի, որոնք իշխանությունները փորձում էին թաքցնել», — նշել է պատգամավորը։

Վարդևանյանը ընդգծել է նաև, որ բոլոր փաստերը վկայում են նրա պահման նորմալ պայմանների մասին (ի տարբերություն Ադրբեջանում հայ գերիների հանդեպ վերաբերմունքի) և սա նույնպես պետք է հասցվի միջազգային կառույցներին։ Մտահոգություն հայտնելով հնարավոր ստվերային պայմանավորվածությամբ նրան հանձնելու վերաբերյալ՝ Վարդևանյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հերոսացնել հանցագործ Սաֆարովին, և անգամ այդ երկրի օմբուդսմենն էր գովաբանում նրան։