Հայաստանում տասներորդ անգամ անցկացվեց ճարտարագիտության ոլորտի գլխավոր իրադարձությունը՝ «Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կազմակերպրած այս մասշտաբային միջոցառումն այս տարի համախմբել էր պետական, մասնավոր և միջազգային գործընկերների։ Սա կարևոր հարթակ է ներկայացնելու Հայաստանի ճարտարագիտական ներուժը, ձեռքբերումներն ու ապագայի տեսլականը, ինչպես նաև դիրքավորելու մեր երկիրը որպես տարածաշրջանային հանգույց՝ նորարարական մտքի, առաջատար տեխնոլոգիական լուծումների և ճարտարագիտական առաջընթացի համար։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ պետական, մասնավոր ու միջազգային մի շարք գործընկեր կառույցների և ծրագրերի հետ համագործակցությամբ։

«Հիմնական նպատակն այն էր, որ ամեն տարի ամբողջ համայնքով՝ տեխնոլոգիական, կրթական, գիտական, պետական և մասնավոր հատվածներով, հավաքվենք, հասկանանք, քննարկենք, մտածենք և ուղղորդենք Հայաստանի տեխնոլոգիական զարգացման ապագան։ Մի բան է հավաքվել ու ներկայացնել հաջողությունները, և մեկ այլ բան է քննարկել, թե ոլորտը ուր պետք է գնա»,– NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Միջոցառման աջակիցների թվում է Հայաստանի «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» գիտահետազոտական կենտրոնը։ Կենտրոնի ղեկավար Գուրգեն Մարդոյանի խոսքով՝ ինժեներական շաբաթը կարևոր է ոչ միայն որպես ոլորտային միջոցառում, այլև տարբեր մասնագիտական համայնքների միջև համագործակցության և նոր գաղափարների ձևավորման առումով։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» գիտահետազոտական կենտրոնի հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ պայմանավորված է նաև կազմակերպության բազմապրոֆիլ բնույթով։ Կենտրոնը գործունեություն է ծավալում գիտության, ինժեներության, արհեստական բանականության և մի շարք այլ տեխնոլոգիական ուղղություններով։ Հետևաբար, Հայաստանի բարձր տեխնոլոգիական համայնքի տարբեր նախաձեռնություններն ու միջոցառումները դիտարկվում են որպես նոր համագործակցությունների և գիտելիքի փոխանակման հնարավորություններ։

Այս տարվա խորագիրն է՝ «Ֆիզիկական արհեստական բանականություն․ ինժեներական բանականություն իրական աշխարհի համար»։ Թեման առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» գիտահետազոտական կենտրոնի համար, քանի որ այն անմիջականորեն առնչվում է կազմակերպության ներկայիս առաջնահերթություններին՝ արհեստական բանականության կիրառմանը ֆիզիկական աշխարհում, գիտական հետազոտություններում և ինժեներական պրակտիկայում։

«Մեզ հետաքրքրում է, թե ինչպես արհեստական բանականությունը կիրառել ֆիզիկական աշխարհում, գիտական հետազոտությունների և ինժեներական պրակտիկայի մեջ, ինչպես նաև տարբեր արդյունաբերական ոլորտներում։ Սա մեր հիմնական հետաքրքրություններից է»,– NEWS.am–ի նշում է PMI Science-ի ներկայացուցիչը։

Հոկտեմբերի 2-ին և 3-ին միջոցառումներն ընթացան Ինժեներական քաղաքում՝ բացահայտելով ավտոմոբիլային ճարտարագիտության, ավիատիեզերական արդյունաբերության, կիսահաղորդիչների և արհեստական բանականության նորագույն ձեռքբերումները։

Այս տարի ևս «Ճարտարագիտական շաբաթ»–ը մեկ հարկի տակ էր միավորել հեղինակավոր մասնագետների աշխարհի տարբեր երկրներից, գիտահետազոտական և կրթական հաստատություններից, վերազգային կորպորացիաներից, դոնոր կազմակերպություններից, ինչպես նաև նորաստեղծ և կայացած ճարտարագիտական ընկերություններից։ Միջազգային ճանաչում ունեցող խոսնակների ներգրավումը ևս միջոցառման կարևոր բաղադրիչներից է։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ նման մասնագետների մասնակցությունը խոսում է ինչպես Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, այնպես էլ հենց միջոցառման միջազգային ճանաչելիության մասին։

Միջոցառման շրջանակում անցկացված «Գիտությունը հանդիպում է ճարտարագիտությանը» պանելային քննարկմանը միջազգային և տեղացի փորձագետները քննարկեցին գիտական հետազոտությունների և արտադրական ոլորտի համադրման հնարավորությունները։

Միջոցառումների շարքն ամփոփվեց հոկտեմբերի 4-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ ընդգծելով երիտասարդության դերը ճարտարագիտության և գիտության տարբեր ուղղություններում: