Հայկական բժշկական իրականության մեջ կան իրադարձություններ, որոնք դուրս են սովորական մասնագիտական միջոցառումների սահմաններից՝ վերածվելով ոլորտի ձեռքբերումների և հաղթանակների յուրօրինակ տոնի։ Օրերս տարածաշրջանային խոշորագույն MedMeet էքսպոյի եռուզեռի կենտրոնում տեղի ունեցավ սպասված իրադարձությունը՝ «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր AD Media Holding-ի կողմից։

Այս տարի կազմակերպիչները որդեգրել էին շատ հետաքրքրական ձևաչափ. էքսպոյի ցուցասրահների գործնական ակտիվությունը համադրվեց առանձնացված հանդիսավոր սրահում տեղի ունեցած մրցանակաբաշխության հետ։ Սա հնարավորություն տվեց ողջ բժշկական համայնքին, փորձառու երախտավորներին և նորարար երիտասարդներին հայտնվել միևնույն հարթակում, կիսվել գաղափարներով և ամփոփել բժշկագիտության վերջին նվաճումները։
Միջոցառման կարևորագույն առանձնահատկություններից էր միջազգային կապերի ամրապնդումը։ AAD Media Holding-ը, որը հաջողությամբ թողարկում է «Հայաստան-Սփյուռք» համահայկական ամսագիրը և արդեն հիմնել է իր մասնաճյուղն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դարձավ հայկական և միջազգային բժշկական միտքը միավորող կամուրջ։ Մրցանակակիրներին տեսաուղերձով հատուկ ողջույն էր հղել Լոս Անջելեսի առողջապահական ծառայությունների կոմիսար Հայկ Մարատ Հայը՝ ընդգծելով բժշկի առաքելության բացառիկ նշանակությունը մարդկության համար։

Արարողության առանցքում անհատական մոտեցումն էր. յուրաքանչյուր մասնագետ ստացավ պատվոգիր և մրցանակ՝ ըստ իր կատարած հսկայական աշխատանքի և նեղ մասնագիտական ուղղության։
Կազմակերպչական ոլորտում և նորարարություններում իրենց խոսքն ասացին և պարգևատտրվեցին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Մերի Ղազարյանը, «Շենգավիթ» ԲԿ շտապօգնության ծառայության ղեկավար Արթուր Խաչատրյանը, Մալաթիա-Սեբաստիա ԱԿ տնօրեն Կամսար Բաբինյանը, «Սմարթ Մեդ» կենտրոնի հիմնադիր Մեսրոպ Մանասյանը, ինչպես նաև Դուբայից հատուկ միջոցառմանը ժամանած H2M Healed Consultancies-ի հիմնադիր Ավետիս Մուրադյանը։

Նեղ մասնագիտական և կանխարգելիչ բժշկության առաջատարներից մեծարվեցին համաճարակաբան Մելինե Հովսեփյանը, վարակաբան Կարինե Հովհաննիսյանը, անվանի լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, ինտերվենցիոն սրտաբան Խաչիկ Համբարձումյանը, կրծքային վիրաբույժ Նարեկ Մարտիրոսյանը, վնասվածքաբան-օրթոպեդ Հարություն Շախուլյանը, ալերգոլոգ, իմունոլոգ Մարգարիտա Հովնանյանը և նյարդաբան Էսթեր Սարգսյանը։
Վիրաբուժության, ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ուղղություններով լավագույնների շարքում էին դիմածնոտային վիրաբույժներ Զորայր Սինոյանն ու Մելիքսեթ Հովսեփյանը, պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը, ստոմատոլոգներ Համլետ Մանասյանը, Նոննա Գաբրիելյանը, Արմեն Հարությունյանն ու Արա Հովհաննիսյանը, «Արմավիդենտ» կլինիկան, ինչպես նաև էսթետիկ բժշկության մասնագետներ Վարդուհի Եվրիյանը, Զարուհի Մաթևոսյանը և Սաթիկ Մարտիրոսյանը։






























