Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Պաուլ Բյորնստադին կանչել է՝ նրան պաշտոնական բողոքի նոտա հանձնելու համար՝ Starlink արբանյակային կապի ծառայությունների՝ երկրի տարածքում շարունակվող մատուցման առնչությամբ՝ առանց իրանական իշխանություններից համապատասխան լիցենզիա ստանալու, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը:
Իրանի ԱԳՆ-ի միջազգային խաղաղության և անվտանգության հարցերով վարչության տնօրեն Մոհամմադ Հասանեժադ Փիրքուհին նորվեգացի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տեխնոլոգիական հարթակները քաղաքական նպատակներով օգտագործելու անընդունելիության մասին։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը և իսրայելական կառույցներն օգտագործում են Starlink արբանյակային ինտերնետի տերմինալները՝ Իրանի ներքին գործերին միջամտող գործողություններ կազմակերպելու և երկրի ազգային անվտանգությունը խաթարելու համար։
Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ Նորվեգիան կատարվողի համար կրում է ուղղակի իրավական պատասխանատվություն, քանի որ հենց այդ երկիրն է Starlink արբանյակային ցանցի պաշտոնական գրանցման իրավազորությունը Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) կառույցներում։
«Ըստ ՀՄՄ-ի Ռադիոկարգավորման կոմիտեի բազմակի որոշումների՝ նորվեգական կողմը իրավաբանորեն պարտավոր է ձեռնարկել սպառիչ կարգավորիչ և տեխնիկական միջոցներ՝ Իրանի ինքնիշխան սահմանների և օդային տարածքի շրջանակներում ապօրինի ռադիոհեռարձակումը և չարտոնված Starlink ազդանշանի տրամադրումը կասեցնելու համար,- հայտարարել է Փիրքուհին։ - Չնայած իրանական կողմի համակարգված դիմումներին՝ Օսլոն մինչ օրս որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկել իր միջազգային պարտավորությունները կատարելու համար»։
Իրանի ԱԳՆ-ն Նորվեգիայի կառավարությունից պահանջել է անհապաղ միջամտել իրավիճակին և դադարեցնել երկրի ինքնիշխանության խախտումները։ Դեսպանին մատնանշվել է հնարավորինս սեղմ ժամկետներում Թեհրանի դիրքորոշումը Նորվեգիայի մայրաքաղաք փոխանցելու անհրաժեշտությունը։





























