Սեպտեմբերի 28-ից 30-ը Եվրոպոլի կենտրոնակայանում կայացել է Եվրոպայի ոստիկանության ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Եվրոպոլում ՆԳՆ ներկայացուցիչ Արա Ֆիդանյանը։

ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ համաժողովի նպատակն էր անվտանգության սպառնալիքների դիմակայումը և իրավապահ համակարգերի միջև միջազգային համագործակցության ընդլայնումը։ Քննարկումների առանցքում էին արհեստական բանականության կիրառմամբ իրականացվող կիբեռհանցագործությունների, խարդախությունների ու ապատեղեկատվական արշավների հակազդումը, ինչպես և դրանց դեմ պայքարում արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների ներդրումը: Մասնակիցներն անդրադարձել են նաև առցանց ծայրահեղականությանը, հիբրիդային սպառնալիքների բացահայտմանը, տվյալների միջսահմանային փոխանակմանն ու վաղ միջամտության ծրագրերի մշակմանը:

Անդրսահմանային հանցավորությունը կասեցնելու նպատակով կարևորվել է ոստիկանական և մաքսային համագործակցության ամրապնդումը, ինչի շրջանակում Եվրոպոլի և Մաքսային համաշխարհային կազմակերպության միջև ստորագրվել է համատեղ գործողությունների ծրագիր (2026–2027 թթ.)։

Միջոցառման ընթացքում կարևորվել է նաև միջազգային գործընկերների հետ ՀՀ ՆԳՆ արդյունավետ փոխգործակցությունը՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգային սպառնալիքներին համատեղ դիմակայելու գործում։

Այցի ընթացքում Արթուր Բարսեղյանը հանդիպել է նաև ԱՄՆ և Իսպանիայի պատվիրակությունների, ինչպես նաև Եվրոպոլի գործադիր տնօրենի պաշտոնակատար Յուրգեն Էբների հետ։Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։