Սարյանի փողոցում քանդվող Գլխավոր փոստի շենքին հարակից տների բնակիչները բողոքում են ուժեղ աղմուկից և անտանելի փոշուց։

NEWS.am խմբագրությանը տրամադրված կադրերում երևում է, որ սկսվել է շենքի ձախակողմյան եռահարկ թևի քանդումը։ Փոշուց պաշտպանող ոչ մի ցանց տեղադրված չէ, փոխարենը տեսանելի են շինարարական աղբի կույտեր։

«Մի բան էլ՝ մշտական աղմուկն է, դրա վրա էլ՝ փոշու ամպերը։ Եթե պատահաբար պատուհանը բաց թողնես, փոշին նստում է ամենուր՝ պատուհաններին, իրերի վրա, սեղանին, ուտելիքի վրա։ Չենք հասկանում, թե ինչու ցանցեր չեն տեղադրել։ Մի քանի օր ջուր էին ցողում, բայց հիմա դա էլ չեն անում», - նշել է փոստի շենքին հարակից տան բնակիչ Աիդա Ա.-ն։

Նրա պատմելով՝ առաջին օրերին բետոնի խոշոր կտորները տեղադրված ցանկապատից անցնելով ընկնում էին ուղիղ ճանապարհի վրա։ Շինարարական աղբը գրեթե չի դուրս բերվում, և այն կուտակվել է ամբողջ լեռան չափով, ինչը երևում է նաև տեսանյութում։

«Քամին այդ աղբակույտերից տոննաներով փոշի է բարձրացնում և տարածում ամբողջ փողոցով»,- հավելել է Աիդա Ա.-ն։

Նա նաև ուշադրություն է հրավիրել քանդվող շենքին հարակից տարածքում գտնվող ծառերի վրա. «Որքան մեզ հայտնի է, դրանք բավականին հազվագյուտ ծառեր են, և դրանց ճակատագիրը մտահոգիչ է։ Մի՞թե հնարավոր չէ դրանք տեղափոխել շինհրապարակից ավելի հարմար վայր։ Չի՞ ստացվի այնպես, որ ծառերը պարզապես կչորանան կամ որևէ պատրվակով կկտրեն դրանք»։

Հիշեցնենք, որ Սարյանի փողոցում քանդվող Գլխավոր փոստի շենքի տեղում նախատեսվում է կառուցել 40-հարկանի World Trade Center (WTC) բիզնես կենտրոն։ Երկնաքերը գտնվելու է գրեթե դատարկության վրա՝ դրա տակ թունել է դեպի Հրազդանի կիրճ։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 212 միլիոն դոլար, իսկ շենքերի և կառուցվածքների ընդհանուր մակերեսը կկազմի 123 հազար քառակուսի մետր։

Նախագծի հեղինակների մտահղացմամբ և կառավարության թեթև ձեռքով՝ համալիրն, որը WTC-ից բացի կներառի նաև հենց երկնաքերի շուրջ ժամանցի գոտի, կընդգրկի բավական մեծ տարածք։Նախատեսվող շինարարության տարածքը ճանաչվել է պետական գերակա շահ, իսկ բնակիչներին խնդրել են լքել իրենց տները։