Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում նախազգուշացրել է, որ սիրիական հակամարտությունը կարող է տարածվել Լիբանանի տարածքով:

«Այժմ ռեալ սպառնալիք կա, որ հակամարտությունը կանցնի Լիբանան, որտեղ, հաշվի առնելով պատմությունը, ազգային կազմը եւ բնակչության կրոնական կազմը, նաեւ սկզբունքները, որոնց վրա հիմնված է Լիբանան պետությունը, ամեն ինչ շատ վատ կավարտվի»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով, «շատ ցավալի է, որ սկսում են մերկանալ եւ արհեստականորեն սրվել  շիաների եւ սուննիների միջեւ հակասությունները»: «Դա իրադարձությունների վտանգավոր զարգացում է, որից անհրաժեշտ է խուսափել ցանկացած գնով: Հուսով եմ, միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները, եւ առաջին հերթին իսլամական երկրները ճիշտ եզրակացություններ կանեն եւ կարողանան ժամանակին կանգ առնել»,- հավելել է Լավրովը, հաղորդում է Dni.ru-ն:

Նշենք, որ Լիբանանի հյուսիսում Տրիպոլի քաղաքում սրվել են հակասությունները սուննիների եւ ալավիների միջեւ, վերջիններս աջակցում են Սիրիայի նախագահ Ասադին: