Իրանի ակնկալիքը Հայաստանից այն է, որ TRIPP-ը վտանգի տակ չդնի Իրանի կենսական շահերը, NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնեց Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մոհավեդիանը։

Ըստ նրա Իրանի կարմիր գծերը երկուսն են սահմանին ամերիկյան ռազմական և անվտանգային ուժերի տեղակայման բացառում, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և վերահսկողության լիակատար պահպանում TRIPP-ի նկատմամբ։

Ըստ իրանցի վերլուծաբանի` Հայաստանի ղեկավարությունը հավաստիացրել է Թեհրանին, որ TRIPP-ի երկայնքով անվտանգությունն ապահովելու է հայկական կողմը, և որ անգամ մասնավոր ամերիկյան ընկերություններին թույլ չի տրվելու իրականացնել անվտանգության ապահովումը։

«Իրանն ակնկալում է, որ ճանապարհը կառուցվելու է ամերիկյան այնպիսի ընկերության կողմից, որը գրանցված կլինի Հայաստանում և կգործի Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Սա երաշխավորելու է, որ նախագիծը չի հանգեցնի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխության կամ օտարերկրյա (ադրբեջանական կամ ամերիկյան) վերահսկողության տակ գտնվող միջանցքի ստեղծման»,- նշել է նա։

Թեհրանի մյուս նպատակը, ըստ Մոհավեդիանի, Սյունիքում Արևմուտքի մշտական ներկայության կանխումն է, քանի որ Հայաստանի հարավը դիտարկում է որպես ռազմավարական գոտի և թույլ չի տա, որ TRIPP նախագիծը վերածվի իր սահմանին Արևմուտքի մշտական ներկայության հենակետի՝ անկախ որևէ համաձայնագրում առկա ձևակերպումներից։

«Իրանը երաշխիքների է սպասում Հայաստանից առ այն, որ TRIPP-ը կմնա զուտ տնտեսական և քաղաքացիական ենթակառուցվածքային նախաձեռնություն՝ լիովին գտնվելով Հայաստանի իրավասության ներքո, և չի ծառայի որպես «տրոյական ձի»՝ Իրանի հյուսիսային սահմանի մոտ ԱՄՆ-ի ռազմական կամ ռազմավարական ազդեցության տարածման համար»,- ընդգծել է իրանցի վերլուծաբանը։