Հոկտեմբերի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։ Դրա մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։

Նշվել է ռազմավարական գործընկերության ուղղությամբ երկկողմ հարաբերությունների զարգացման զգալի առաջընթացը, որը ձեռք է բերվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված պատմական բարձր մակարդակի հանդիպումից հետո։

Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խարտիայով սահմանված առաջնահերթ ուղղություններով աշխատանքային խմբերի գործունեության կարևորությունը՝ երկկողմ համագործակցության հետագա խորացման տեսանկյունից։

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ 2026 թվականին Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռք բերված կարևոր արդյունքները, ներառյալ՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա և Ադրբեջանի երկրորդ միջազգային ներդրումային ֆորումի շրջանակում ստորագրված փաստաթղթերը՝ էներգետիկայի, հետախուզության, ածխաջրածնային ռեսուրսների որոնման, մշակման և արդյունահանման, ներդրումների, թվային տեխնոլոգիաների, առևտրի և այլ ոլորտներում, զգալիորեն ընդլայնել են երկկողմ համագործակցության գործնական բովանդակությունը։

Բայրամովն ամերիկյան կողմին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության ուժեղացման նպատակով Ադրբեջանի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերի մասին։

Հեռախոսազրույցի ընթացքում նաև կարծիքների փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։