Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ համատեղ անցկացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը, հաղորդել են ՌԴ կառավարությունում։

Կողմերը առարկայականորեն քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում, արդյունաբերությունում, էներգետիկայում, գյուղատնտեսությունում, տրանսպորտում և լոգիստիկայում համագործակցության հարցերը։

Նրանք քննարկել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի որոշումների կատարման ընթացքը։

Քննարկվել են փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման և երկու երկրների տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված հետագա միջոցները։

Առանձին ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացմանն ու բեռնափոխադրումների ընդլայնմանը, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետագա օգտագործմանը և անցակետերի աշխատանքի կատարելագործմանը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Ռուսաստանի համար գործնական հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ նախագծերի իրականացման հեռանկարների վերաբերյալ և ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ աշխատանքի շարունակման կարևորությունը։