2026 թվականի անոմալ շոգ ամառը Ֆրանսիային արժեցել է 16 մլրդ եվրո։ Այդ մասին, հղում անելով խորհրդարանական հանձնաժողովի գնահատականին, հայտնել է «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունից պատգամավոր Էրիկ Կոկրելը, գրում է Le Monde-ը։
Այս նախնական գնահատականը գերազանցում է այն միջակայքը, որը օգոստոսի կեսերին նշել էր էկոլոգիական անցման նախարար Մոնիկ Բարբյուն՝ 10 մլրդ-ից մինչև 15 մլրդ եվրո ուղղակի և անուղղակի ծախսեր։ Պատգամավորը ընդունել է, որ հաշվարկում կան մեթոդաբանական վերապահումներ․ այն գումարում է տարբեր բնույթի ծախսեր, և կա ռիսկ, որ դրանցից մի քանիսը առնվազն մասամբ կրկնահաշվարկվել են։
Ամենամեծ վնասը գյուղատնտեսության կորուստներն են։ Ագրարային արհմիությունների գնահատմամբ՝ ամբողջ ոլորտում դրանք կազմել են մոտ 10 մլրդ եվրո։ Պետական սուբսիդիաները հաշվի առնելով՝ հանձնաժողովը գյուղատնտեսների զուտ վնասը գնահատել է 8,7 մլրդ եվրո։
Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի վրա ազդեցությունը գնահատել է ՀՆԱ-ի մոտ 0,1 տոկոսային կետ, ինչը գրեթե 3 մլրդ եվրո է։ Դրան ավելացել են առնվազն 2,5 մլրդ եվրոյի չնախատեսված պետական ծախսեր՝ 1,3 մլրդ եվրո օգնություն գյուղարտադրողներին, մոտ 700 մլն եվրո՝ առողջապահությանը, և առնվազն 300 մլն եվրո՝ հրդեհների հետ կապված ծախսեր։
Բժշկության ծախսերը հանձնաժողովը հաշվարկել է՝ կողմնորոշվելով 2003 թվականի համանման շոգի վիճակագրությամբ․ բժշկական ապահովագրության համար՝ մոտ 200 մլն եվրոյի լրացուցիչ ծախսեր, հիվանդանոցների համար՝ 100 մլն եվրո, իսկ ծերանոցների և բժշկասոցիալական հաստատությունների համար՝ 260 մլն-ից մինչև 520 մլն եվրո։
Տնային տնտեսությունների համար հաշվի են առնվել առնվազն 500 մլն եվրոյի ապահովագրական հատուցումներ հրդեհների համար և մինչև 800 մլն եվրոյով էլեկտրաէներգիայի հաշիվների աճ՝ օդափոխիչների և օդորակիչների պատճառով։





























