Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպը հանցագործություն է։ Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։

Վերջինս, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե արդյոք ԱԺ նախագահը մտադիր է քաղաքական գնահատական տալ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցու միջադեպին։

«Եթե մարդը մտնում է ինչ-որ մեկի տուն ու կրակում, դա հանցագործություն է։ Արդեն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է», — պատասխանել է խորհրդարանի ղեկավարը։

Ընդ որում, նրա խոսքով, այս դեպքի հետ կապված կա նաև լավ նորություն. ադրբեջանցին, հայկական օրենսդրությունից զատ, խախտել է նաև ադրբեջանականը։

Ղահրամանյանը, այնուամենայնիվ, պնդել է, որ անհրաժեշտ է հենց քաղաքական գնահատական՝ հավելելով, որ Ռուբինյանի ասածը, ըստ էության, այդպիսին չէ։

Ի պատասխան՝ ԱԺ նախագահը նշել է, որ եթե խաղաղություն չլիներ, հայկական և ադրբեջանական կողմերը նման միջադեպերի մասին միմյանց չէին տեղեկացնի։ Տվյալ դեպքում խոսքը դասալքության կամ զորամասը/մարտական դիրքերն ապօրինի լքելու մասին է։