ԱՄՆ-ն առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է նոր՝ HACM (Hypersonic Attack Cruise Missile) հիպերձայնային հրթիռը: Այս մասին հայտնում է «The War Zone» պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) ներկայացուցչին։
«Հեռահար խոցման մեր կարողությունները կատարելագործելուն ուղղված շարունակական աշխատանքների շրջանակում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ավստրալիայի հետ համատեղ իրականացրել են HACM հիպերձայնային թևավոր հրթիռի թռիչքային փորձարկումներ»,- լրատվամիջոցին հայտնել է ՌՕՈւ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերը HACM հրթիռի փորձանմուշն արձակել են հատուկ այդ նպատակով առանձնացված ավստրալիական զորավարժարանում, ինչը թույլ է տվել ծրագրի հետագա ընթացքի համար կարևորագույն տվյալներ հավաքել։
Պարբերականի աղբյուրը, սակայն, չի բացահայտել զորավարժարանի անունն ու փորձարկման կոնկրետ օրը։ Հայտնի չէ նաև, թե հատկապես որ ինքնաթիռից է այն արձակվել։ Բայց ըստ պարբերականի տեղեկությունների՝ բազմիցս հետաձգված այս փորձարկումն ի վերջո անցկացվել է Ավստրալիայի «Woomera» զորավարժարանում։
HACM հրթիռի տեխնիկական հստակ բնութագիրը խիստ գաղտնի է պահվում։ Բաց աղբյուրներից հայտնի է միայն, որ այն երկաստիճան հրթիռ է. նախ գործարկվում է պինդ վառելիքով աշխատող արագացուցիչ աստիճանը, որն իր գործն անելուց հետո անջատվում է, իսկ մարտական աստիճանն արդեն որպես ինքնուրույն թռչող ապարատ շարունակում է ընթացքը՝ հիպերձայնային օդառեակտիվ շարժիչի օգնությամբ։ Սավառնող բլոկն ունակ է բարձրության վրա այնպիսի մանևրներ անել, որ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերը մեծ դժվարությամբ են այն հայտնաբերում։ Նախագծային հաշվարկներով՝ HACM-ի հեռահարությունը 500 կմ է, արագությունը՝ մոտ 7 Մախ։
Իր փոքր չափերի շնորհիվ՝ այս հիպերձայնային հրթիռը կարող է տեղադրվել ոչ միայն ռազմավարական ռմբակոծիչների, այլև բազմանպատակ կործանիչների վրա։ Դրա հիմնական կրողը F-15E Strike Eagle-ն է, բայց այն կարող է արձակվել նաև F/A-18F Super Hornet կործանիչներից։
Պարբերականը նկատում է, որ HACM ծրագրի իրագործումը բազմիցս ձգձգվել է։ Ի սկզբանե թռիչքային փորձարկումները նախատեսվում էր սկսել դեռ 2024 թվականին, ապա ժամկետները տեղափոխվեցին 2025, հետո նաև՝ 2026 թվական։ Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը նպատակ ունեն մինչև 2027 թվականի ավարտը սկսել հրթիռների գոնե փոքրածավալ սերիական արտադրությունը։





























