Հայ հեղափոխական դաշնակցությունը նոր խորհրդարանում կրկին կբարձրացնի նվազագույն աշխատավարձի արմատական բարձրացման հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Մենք բարձրացնում ենք բոլոր այն հարցերը, որոնց անդրադարձել ենք մեր նախընտրական ծրագրում»,-ասաց նա, հավելելով, որ դրանց շարքում են արտասահմանում ներդրումներից ստացված Հայաստանի ռեզիդենտների եկամուտների հայտարարագրման եւ հարկման մասին օրինագիծը:
Նա հիշեցրեց, որ ՀՅԴ խմբակցությունը նոր խորհրդարանում որեւէ հանձնաժողով չի գլխավորի, այնինչ 4-րդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ-ն գլխավորում էր Արտաքին հարաբերությունների եւ Պաշտպանության հարցերի հանձնաժողովները, նաեւ ուներ երկու այլ հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններ:
Նոր խորհրդարանում ՀՅԴ-ն կունենա միայն մեկ հանձնաժողովի նախագահի տեղակալի քվոտա: «Դեռ հայտնի չէ, թե որ հանձնաժողովը դա կլինի, քանի որ ընտրելու հերթում առաջինը չենք»,-պարզաբանեց Մինասյանը:
ՀՅԴ նոր խմբակցության 6-հոգանոց կազմը եւս չի հրապարակվում: Կուսակցության համամասնական ցուցակի առաջին 5 համարները, որոնք անցնում են խորհրդարան, ունի հետեւյալ հերթականությունը. Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Արտյուշա Շահբազյան, Աղվան Վարդանյան եւ Արծվիկ Մինասյան:




























