Գիտնականները ծանր մետաղների, հերբիցիդների և պլաստիկի միացությունների հետքեր են հայտնաբերել կատուների համար նախատեսված գրեթե բոլոր փորձարկված կերերում։ Այս մասին հայտնում է The Economic Times պարբերականը՝ վկայակոչելով Clean Label Project կազմակերպության հետազոտությունը։

Ըստ աղբյուրի՝ մասնագետները հետազոտել են 62 ապրանքանիշի 100 տեսակի կեր՝ 122 թունավոր նյութերի պարունակությունը ստուգելու նպատակով։ Պարզվել է, որ նմուշների 99%-ում առկա է կապար, 96%-ում՝ կադմիում, իսկ 94%-ում՝ մկնդեղ։ Ձկան հիմքով կերերում սնդիկի քանակը միջինում մոտ 18 անգամ գերազանցում է սպիտակուցի այլ աղբյուրներով պատրաստված կերերի ցուցանիշը․ թաց ձկնային կերերում այդ տարբերությունը հասնում է 28 անգամի, իսկ կադմիումի պարունակությունը բարձր է 2,5 անգամ։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ աշխատանքը կենդանիների հիվանդությունների և հայտնաբերված նյութերի միջև ուղղակի կապ չի հաստատում և թույլ չի տալիս վտանգավոր համարել կոնկրետ ապրանքատեսակները, քանի որ փորձաքննության է ենթարկվել յուրաքանչյուր ապրանքի միայն մեկ խմբաքանակ։ Ծանր մետաղներն ու մյուս խառնուրդները առկա են հողում և ջրում, ուստի կերի մեջ կարող էին հայտնվել հումքի, վերամշակման կամ փաթեթավորման ընթացքում։