Գիտնական Քրիստոֆեր Ռինը թվային տեխնոլոգիաների օգնությամբ վերականգնել է մոտ 3 հազար տարի առաջ ներկայիս Էկվադորի տարածքում՝ Անդերում ապրած տղամարդու դեմքը, գրում է Live Science-ը։
Վերակառուցումը կատարվել է Պունին-2 անունով հայտնի գանգի հիման վրա, որը դեռևս 1970-ականներին հայտնաբերվել էր Չիմբորասո նահանգի կիրճերից մեկում։
Գանգի ֆիզիկական վերլուծությունը ցույց է տալիս, որ տղամարդը մահացել է մոտավորապես 50 տարեկան հասակում։ Ռինը նշել է, որ նա սերում էր հին բնակչական մի խմբից, որի նախնիները եկել էին Հյուսիսային Սիբիրից և Արևելյան Ասիայից։
«Դիմացից Պունին-2-ը նման է արևելաասիական գանգի, բայց պրոֆիլից ընդհանրապես նման չէ նրան»,- շեշտել է հետազոտողը։
Վերակառուցման համար Ռինը կիրառել է թվային մեթոդներ, մոմի օգնությամբ մասնակիորեն վերականգնել է գանգը և օգտագործել դեմքի փափուկ հյուսվածքների միջին հաստության վերաբերյալ տվյալներ։ Միաժամանակ գիտնականն օգնության համար դիմել է Չիմբորասոյի շրջանի ժամանակակից բնակիչներին, որոնք, հավանաբար, հին տղամարդու ժառանգներն են։
Նրանք օգնել են որոշել սանրվածքի առանձնահատկությունները և աչքերի դիրքը՝ վերակառուցումը ստեղծելիս։ Ըստ Ռինի՝ սանրվածքն առանձնապես մեծ նշանակություն ուներ։
«Սանրվածքը շատ յուրահատուկ է։ Եթե այն սխալ արվի, մարդը կթվա մեկ այլ ցեղի ներկայացուցիչ»,- բացատրել է հետազոտողը։
Վերակառուցման ընթացքում հաշվի են առնվել ոչ միայն գանգի անատոմիական առանձնահատկությունները, այլև տարածաշրջանի ժամանակակից բնակիչների արտաքին տեսքի մասին տվյալները, որոնք կարող են պահպանել այն գծերը, մշակութային ավանդույթներն ու սանրվածքի առանձնահատկությունները, որոնք կապված են այն բնակչության հետ, որին պատկանել է Պունին-2-ը։





























