ԵՄ ԹԱՅԵՔՍ առաքելության շրջանակում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում էր։

ՆԳՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ այցի նպատակն էր ծանոթանալ ճգնաժամային կառավարման և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ Ֆրանսիայի ոստիկանության և Ազգային ժանդարմերիայի գործունեությանը, կիրառվող մեխանիզմներին և հատուկ ստորաբաժանումների աշխատանքային փորձին։

Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի գլխավոր վարչությունում և Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի կենտրոնական տնօրինությունում (CRS)։

Ազգային ժանդարմերիայի շարժական հատուկ ստորաբաժանումում հայկական կողմին ներկայացվել են ստորաբաժանման գործունեությունը, տեխնիկական միջոցներն ու սպառազինությունը, ինչպես նաև դրանց կիրառման առանձնահատկությունները։

Պատվիրակությունը հանդիպել է նաև Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի կենտրոնական տնօրեն Ժան-Սիրիլ Ռեյմոնի հետ։

CRS-ի կենտրոնական տնօրինությունում պատվիրակությանը ներկայացվել են հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կանխման նպատակով հատուկ ստորաբաժանումների մարտավարությունը։

Ներկայացվել են նաև ծառայողների հանդերձանքը, անհատական պաշտպանության և այլ հատուկ միջոցները։

Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի ծառայողներին Հայաստան գործուղելու և ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար։

Հանդիպման ընթացքում կարևորվել են համագործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ուղղությունների վերաբերյալ։