Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին օրը Կահիրեի ընտրատարածքներից մեկի մոտ ոստիկան են սպանել, նա հայտնվել էր նախագահի տարբեր թեկնածուների կողմնակիցների խաչաձեւ հրաձգության տակ: Հրաձգության ժամանակ եւս մեկ մարդ վիրավորվել է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Եգիպտոսում մայիսի 23-ին սկսվում են նախագահական ընտրությունները` առաջինը «արաբական գարունից» եւ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո: Նախագահական ընտրություններում մրցում է 13 մարդ:
Սոցիոլոգներն որոշել են երեք առաջատարներին` արտաքին գործերի նախկին նախարար, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար, տեղի քաղաքականության աշխարհիկ հատվածի ներկայացուցիչ 75-ամյա Ամր Մուսա, ինքնաառաջադրման համար «Մուսուլման եղբայրների» շարքերից արտաքսված Աբդել Մոնեյմ Աբու ալ- Ֆութուհ, եւ «Եղբայրների» պաշտոնական ներկայացուցիչ, իսլամիստական Ազատության եւ արդարության կուսակցության նախագահ Մոհամեդ Մուրսի, ով ցանկանում է վերադարձնել Եգիպտոսը շարիաթի կանոններին:




























