ԱՄՆ-ը B-1 ռմբակոծիչներ է հեռացրել Բրիտանիայի «Ֆերֆորդ» ռազմաբազայից, քանի որ մտավախություն է ունեցել, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրահանգով կարող է անօդաչու թռչող սարքերով հարձակում իրականացվել։ Այս մասին, հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, գրում է Wall Street Journal-ը։
Ավելի վերջերս պարբերականը, դարձյալ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ «Ֆերֆորդ» բազայում տեղի ունեցած միջադեպից հետո Միացյալ Նահանգներն այնտեղից տեղափոխել է B-1 տեսակի բոլոր ռմբակոծիչները։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դա բացատրել էր նախազգուշական նկատառումներով, իսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել էր, թե դա պլանային ռոտացիա է։
«ԱՄՆ-ն կիրակի օրն անսպասելիորեն 12 միավոր B-1 ռմբակոծիչ է տեղափոխել՝ լուրջ մտավախություն ունենալով, որ ԻՀՊԿ-ի հրահանգով կարող է ԱԹՍ-ներով բարդ հարձակում իրականացվել»,— ասված է հոդվածում։
Ըստ հրապարակման՝ դա իբր եղել է ինքնաթիռները ոչնչացնելու և բազայում գտնվող զինծառայողներին, այդ թվում՝ ամերիկացի օդաչուներին սպանելու իրանական ծրագրի մի մասը։





























