Պատգամավորների վարձատրության կարգը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, և այդ օրենքում որևէ տեղ գրված չէ, թե պատգամավորները կարող են պարգևավճար ստանալ։ Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նա պարզաբանել է, որ պատգամավորները կարող են ստանալ միայն աշխատավարձ և ծախսերի փոխհատուցում՝ դրանք հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում։
Պատգամավորի խոսքով՝ իշխող կուսակցության ոչ մի պատգամավոր 5 տարվա ընթացքում նման փաստաթուղթ չի ներկայացրել։ «ԱԺ նախագահին նամակ էի գրել՝ խնդրելով ինձ պարգևավճար չտալ, բայց Անկախության տոնի առթիվ միևնույնն է՝ 250 հազար դրամ պարգևավճար եմ ստացել»,— հավելել է Ղազարյանը՝ պատրաստակամություն հայտնելով այդ գումարը վերադարձնել բյուջե։
Նա նշել է, որ որևէ օրակարգ չունեցող խորհրդարանն ինքն իրեն պարգևատրում է։ «Բա էլ ո՞նց է լինում թալանը»,— հարցադրում է արել պատգամավորը։ Էդգար Ղազարյանն ընդգծել է, որ եթե պատգամավորները որոշում են բարձրացնել իրենց աշխատավարձերը, դա պետք է վերաբերվի միայն հաջորդ գումարման պատգամավորներին՝ «Պատգամավորներն իրավունք չունեն ինքնակամ բարձրացնել իրենց աշխատավարձը»։











