Ինձ նոր տեղեկացրին, որ այսօրվա միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ։ Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 6-ի նիստին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ապա նախազգուշացրեց.

«Սա առնվազն ծառայողական քննության առարկա եմ դարձնելու և նման բանի կրկնություն երբևէ թույլ չեմ տալու»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 6–ին, ԱԺ–ում ինչ–որ պահի իրավիճակը լարվեց. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Էդգար Ղազարյանը, մասնավորապես, իր ելույթում հայտարարեց, որ Ռուբեն Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արեց պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։

Նրա ելույթի կեսից Ռուբեն Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում։ Դրանից հետո իրավիճակը դահլիճում թեժացավ, լսվեցին գոռգոռոցներ, ՔՊ–ական Վահե Ղալումյանը տեղից ելավ և մոտեցավ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Վաղինակ Վարդանովին, ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին հրմշտել ու քաշքել միմյանց, ծեծկռտուք սկսվեց։

Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց և անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ։

Հրմշտոցի վայր իջան նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։ Երկար ժամանակ կողմերին հնարավոր չէր լինում հանգստացնել։

Անվտանգության աշխատակիցները սկսեցին ուժով դուրս բերել պատգամավորներին դահլիճից։