Արդեն վեց տարի շարունակ յուրաքանչյուր գարնան Մադրիդի «Faunia» այգու պինգվիններ Ինկան եւ Ռայասը սիրով բույն են հյուսում, սակայն հետո նկատում, որ դա ձվերով չի լցվում: Նրանք, սակայն, չեն հասկանում, որ իրենք երկուսն էլ արու են, գրում է «The Daily Telegraph»-ը:

Որպեսզի «գեյ» պինգվինները դեպրեսիային մեջ չընկնեն` տեսնելով, ինչպես են մյուսները սերունդ ունենում, նրանց խնամողները ձվեր են դրել զույգի բույնի մեջ: Անբաժան զույգն օգտվել է հայրանալու եզակի հնարավորությունից:

Ինկան ստանձնել է էգի դերը` օրվա մեծ մասը նստելով ձվերի վրա եւ իրեն զրելով ջուրը մտնելու հաճույքից: Իսկ ահա նրա զուգընկերը` Ռայասը, հսկում է բույնը եւ  սնունդ հայթայթում նրա եւ իր ժառանգների համար:

Զույգի խնամքով զբաղվող Յոլանդա Մարտինը պարզաբանել է. «Մենք ուզում էինք, որ նրանք ինչ-որ բան ունենան` միասին մնալու համար: Այդ իսկ պատճառով նրանց ձվեր տվեցինք: Հակառակ դեպքում նրանք կարող էին դեպրեսիայի մեջ ընկնել»:

Զույգն իր վրա ուշադրություն էր հրավիրել այն պահից սկսած, երբ հանդիպել էր Մադրիդի «Faunia» այգում, բայց այս նոր իրադարձությունը նրանց մամուլի համար սենսացիայի օբյեկտ է դարձրել:

Մարտինն ասում է, որ հաճելի է մարդկանց ուրախացնել, բայց ընդգծում է, որ պինգվիններն իրականում «գեյեր» չեն, նրանք պարզապես լավ ընկերներ են: