Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները պարզել են Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի՝ անհայտ հիվանդությունից մահացած աշխատակցուհու հետ շփված բոլոր անձանց։ ԱՀԿ-ն նաև լրացուցիչ տեղեկատվություն է հայցել ՌԴ-ից տեղի ունեցածի վերաբերյալ։

«Ունեցած տվյալներով՝ պացիենտի հետ շփված բոլոր անձինք հայտնաբերվել են և գտնվում են բժշկական հսկողության տակ։ Այս պահի դրությամբ նրանցից որևէ մեկի մոտ հիվանդության ախտանշաններ ի հայտ չեն եկել»,— ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը։

Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները փորձում են պարզել, թե արդյոք թոքային ժանտախտը չի եղել ԳՀԻ-ի աշխատակցուհու մահվան պատճառը, սակայն ԱՀԿ-ի հարցմանը դեռևս պաշտոնական պատասխան չեն տվել։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ են օգնել Ռուսաստանին՝ Իրկուտսկի արտակարգ պատահարն անվանելով լուրջ խնդիր։

«Մենք կօգնենք,— ասել է Թրամփը։— Եթե որևէ մեկը նման խնդիր ունենա, մենք միշտ պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել»։

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ողջունել է այդ առաջարկը։

«Միշտ էլ շատ լավ է, երբ փոխադարձ աջակցություն է առաջարկվում»,— երեքշաբթի լրագրողներին ասել է նա՝ հորդորելով հիմնվել Ռոսպոտրեբնադզորի տրամադրած տեղեկատվության վրա։

«Ռոսպոտրեբնադզորի աշխատանքներին համընթաց լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն»,— նշել է Պեսկովը։