Դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։ Այս տեղեկությունը հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
«Խուլիգանության մեղադրանք էր՝ 297-րդ հոդվածով, որը մյուս գործերին զուգահեռ քննվում էր։ Այդ մեղադրանքով արդարացվեց պարոն Ղուկասյանը։ Մյուս գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում: Կարծում եմ, որ դատախազությունը կբողոքարկի որոշումը, եթե ոչ, ուրեմն արդարացման դատավճիռը կմտնի ուժի մեջ»,-ասել է Արամայիս Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ արեցին իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին:
Դեպքից հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձնաց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարել են խուլիգանություն:
Փաստաբանը նշել է, որ Սպարտակ Ղուկասյանին մեղսագրվող հոդվածը վերաորակվել է։ Ստացվում է, որ այս գործով արդարացվել է միայն Վարդան Ղուկասյանը։





























