Չեխիայում ռուսական ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել 19 մարդ, շատերը գտնվում են ծանր վիճակում: Նման ճշտված տվյալներ է հայտնել չեխական «ՉՏԿ» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, թե տուժել է մինչեւ վեց մարդ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռուսական ռազմական ԱՆ-30 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Չեխիայում, Չասլավ քաղաքի օդանավակայանում: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը հրդեհվել է: Օդանավը այրվել է ամբողջությամբ եւ վերականգնման ենթակա չէ: Նախնական տվյալներով, վայրէջքի ժամանակ կոտրվել է շասսիի սկզբնամասը, այն քթով բախվել է թռիչքուղուն, դուրս եկել դրա սահմաններից եւ բռնկվել:

Ինքնաթիռը, որ նախատեսված է օդադիտման եւ աէրոլուսանկարահանման համար, թռիչքներ էր իրականացնում «Բաց երկինք» առաքելության շրջանակներում:

Ռուսական ինքնաթիռում 23 մարդ է եղել, Ռուսաստանի 14 քաղաքացիներ եւ 9 չեխ զինվորականներ: