Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում՝ ընդդիմության բոյկոտի ֆոնին, քննարկվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մշակած «Մի շարք հոգևորականների գործունեության հետևանքով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում առաջացած ճգնաժամի, ինչպես նաև այդ ճգնաժամով պայմանավորված՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությունը չկատարելու հիմնախնդիրն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թվակազմը սահմանելու մասին» աղմկահարույց նախագիծը։

Խորհրդարանի ամբիոնից նախագիծը ներկայացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, որն էլ հենց կգլխավորի վերոնշյալ հանձնաժողովը։

«Հանձնաժողովի կազմում կընդգրկվի 11 պատգամավոր՝ յոթը՝ «Քաղաքացիական պայմանագրից», երեքը՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից և մեկը՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից», - նշել է պատգամավորը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» հրապարակել էր «Եկեղեցու փաստացի ղեկավարի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության հետևանքով Հայ առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների մասին» զեկույցը, որը պատրաստվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով (ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի շրջանակում)։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՀՀ կառավարության հրապարակած «Հայ առաքելական եկեղեցու մասին վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի այսպես կոչված զեկույցը» որակել էր հակասահմանադրական, ապօրինի և եկեղեցական կանոններին հակասող։

Էջմիածնից, մասնավորապես, հայտարարել էին, որ պետական միջոցների մսխմամբ, սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տեղ գտած մեղադրանքների և զրպարտչական թեզերի հիման վրա կազմված զեկույցը «քաղաքական հաշվեհարդարի ու վրեժխնդրության դրսևորում է» և դատապարտելի է։

Իսկ կառավարության ղեկավարի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով պետք է մշակվեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն «Եկեղեցու զավթումը դադարեցնելուն»։

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ իշխանություններին մեղադրել են Հայ առաքելական եկեղեցու դեմ հակասահմանադրական գործողությունների մեջ՝ հայտարարելով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու մասին։

Արդյունքում 62 պատգամավոր կողմ է քվեարկել, ևս մեկը՝ դեմ։